11.10.2013 երկար մտորումներից ու երկմտանքից հետո ի վերջո որոշեցի համակուրսեցիներիս հետ մասնակցել «Դիպված» հաղորդաշարի հերթական թողարկմանը որպես հանդիսատես:
Սկզբում ամեն բան լավ էր, թեման համահունչ էր մեր մասնագիտական ուղղվածությանը՝ մանկավարժությանը: Մի քանի բառով քննարկվեցին անձի վրա ազդող տարբեր գործոնների հարաբերակցությունները՝ դաստիարակությունը, միջավայրը և անձնային որակները (թեև վերջին բաղադրիչի ձևակերպան հետ այնքան էլ համամիտ չեմ):
Հետո պրն. Հարությունյանը շատ գեղեցիկ կերպով ներկայացրեց 2 աղջիկների կյանքի պատմության հուզիչ զուգադիպությունը՝ Ավե Մարիա երգելն ու բանտ ընկնելը…
էստեղից է, որ սկսվեց մթությունը… ինչ-որ անհասկանալի պատմություն, որի հետևանքով 20-ամյա Աննան հայտնվել է քրեակատարողական հիմնարկում և որի մանրամասները չհրապարակվեցին հաղորդման ընթացքում:
Ներողությու՛ն պրն. Հարությունյան, բայց կարծում եմ մեծագույն անարգանք ու սխալ է հանդիսատես հրավիրել Ձեր հաղորդման համար և նրանց նույնիսկ չներկայացնել հերոսի խնդրի մանրամասները. չէ որ մենք եկել ենք հաղորդման, մասնակցում ենք պրոցեսին և կամա թե ակամա “հանցակից” ենք Ձեր բռնած գործին:
Հաղորդումն անցավ քիչ թե շատ բարեհաջող՝ չհաշված տեխնիկական թերությունները: Բայց տարօրինակ պատմությունը մեզ՝ մի քանի ուսանողներիս, տարավ այս աղջկա հետքերով:
Փնտրտուքների արդյունքում համակուրսեցիս գտավ այս նյութը՝ Գարեջրի շշով եւ փայտե մահակներով հարվածել էին գլխին:
Գուցե սուր է գրված նյութը, գուցե լավագույն աղբյուրը չէ, որ պետք է հղել, բայց սա ինձ բավական էր հասկանալու համար, թե ինչու են Աննային թույլ տվել գալ հաղորդման, թե ինչու է նա շնորհակալ համաներման խղճուկ 6 ամիս ստանալու համար և թե ինչու եք Դուք գովազդում նրա հիասքանչ ձայնը (նշեմ՝ որ ձայնն իրոք հիասքանչ էր, ամբողջ հանդիպման մեջ միակ միանշանակ բանն ու բացարձակ ճշմարտությունը):
Գուցե ես շատ կոպիտ եմ հնչում, գուցե անարդար եմ ու չափազանց սուբյեկտիվ, բայց ես կողմ չեմ «Պուշոկ»-ներին պաշտպանել հրապարակավ… ինձ համար շատ ամոթալի իրավիճակ է ստեղծվել, որովհետև ես երբեք ինձ չեմ համարել անթերի և չեմ կարծում, որ իրավունք ունեմ քննադատել որևէ մեկին, բայց չեմ էլ կարծում, որ սա այն պատմությունն էր, որն արժանի էր տեղ գտնել Ձեր հաղորդման տեսադարանում և որին մասնակցություն պիտի ունենայի նաև ես: Ու մի կարևոր հարց ունեմ տալու. Ինչու՞ էին դահլիճ բերվել դպրոցական տղաներն ու աղջիկները: Կարծում եք՝ արժե՞ր նրանց ներկայությամբ իրականացնել այս միջոցառումը, ինչու՞ եք դեռահասներին խառնում այս խաղերին: Սովորեցնում եք նրանց, որ անմեղ մարդուն ցմահ բանտարկած կեղտոտ համակարգը համաներում է տալիս ընկերուհուն ծանր մարմնական վնասվածքներ հասցրած աղջնակի՞ն:
Չե՞ք կարծում, որ անարդար է այն բոլոր բանտարկյաների հանդեպ, որոնք մեր համակարգի սովորության համաձայն պարզապես քավության նոխազ են դարձել ու համաներման հույս անգամ չունեն կամ հրաժարվում են դրանից՝ ամենաարժանապատիվ ՀՀ քաղաքացու կեցվածքով: Արդա՞ր է արդյոք այն երիտասարդի հանդեպ, ում վրա խոտի դեզի գործ են բացել ու ստիպել ամիսներով անազատության մեջ մնալ ու հացադուլի դիմել՝ խոսքը որևէ կերպ տեղ հասցնելու համար…
Ասեմ Ձեզ՝ շատ անարդար է: